19 դեկտեմբերի 2009 - 15:12 AMT
Վազգեն Բադալյան. 2010թ. մենամարտերից մեկը Վիկ Դարչինյանը Երեւանում կանցկացնի
Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ռանչո Միրաժի (ԱՄՆ, Կալիֆոռնիա) «Agua Caliente» կազինոյի արենայում Վիկտոր Ռոխասի (Մեքսիկա) հանդեպ տարած հաղթանակից հետո Դարչինյանը վճռական է Նոնիտո Դոնեյրի (Ֆիլիպիններ) հանդեպ ռեւանշ-մենամարտ անցկացնելու իր մտադրության հաշվով, ինչի մասին հաղորդել է ֆիլիպինցու պրոմոուտերին:

Հիշեցնենք, որ Դոնեյրից Վիկ Դարչինյանը պարտություն կրեց 2007-ին, թեեւ նախքան Դարչինյանի հետ մենամարտը Դոնեյրը ֆավորիտ չէր համարվում:

«2010-ին Դարչինյանը 3 մենամարտ կանցկացնի. նա լրջորեն պատրաստվում է Դոնեյրի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա տարվա կեսերին: Ինչպես խոստացել է Վիկի պրոմոուտեր Գարի Շոուն, Դարչինյանի մենամարտերից մեկը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում,- ասաց Բադալյանը,- իսկ տարվա վերջին նա ելույթ կունենա Մոսկվայում»:

Նոր տարին Դարչինյանը կդիմավորի իր ընտանիքի հետ միասին Ավստրալիայում: