19 դեկտեմբերի 2009 - 16:51 AMT
Դավիթ Նալբանդյանն Արգենտինայի Գավաթի շրջանակներում իր ելույթները հաղթանակով սկսեց
Ծագումով հայ Արգենտինայի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բուենոս-Այրեսում ընթացող ցուցադրական մրցաշարում իր ելույթները հաղթանակով սկսեց:

Դեկտեմբերի 18-ին Արգենտինայի Գավաթ-2009-ի (Copa Argentina) «A» խմբում իր մեկնարկային հանդիպմանը 27-ամյա Նալբանդյանը, որը ներկա պահին զբաղեցնում է միջազգային վարկանիշի 64-րդ հորիզոնականը, հանդիպեց աշխարհի նախկին առաջին ռակետ 33-ամյա իսպանացի Կարլոս Մոյայի հետ, որը միջազգային վարկանիշում 448-րդ տեղն է զբաղեցնում:

Ինչպես հաղորդում է gotennis.com-ը, ավելի վաղ թենիսիստները յոթ անգամ հանդիպել են արդեն եւ առավելությունն արգենտինացու կողմն է եղել` 4:3: Այս անգամ Նալբանդյանին նույնպես հաջողվեց հաղթանակի հասնել 6:2, 6:4 հաշվով:

Հիշեցնենք, որ երկու թենիսիստներն էլ սեզոնի մեծ մասը բաց թողեցին վնասվածքների պատճառով. Մոյան գարնան սկզբին կոնքոսկրի բարդ վիրահատություն ունեցավ եւ ողջ այդ ընթացքում վերականգնողական փուլ էր անցնում, իսկ Նալբանդյանին կոնքի վիրահատություն կատարեցին:

Դեկտեմբերի 19-ին կկայանան Բագդատիս - Մոնակո եւ Նալբանդյան - Գաուդիո հանդիպումները: Իրենց խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թենիսիստները դեկտեմբերի 20-ին կհանդիպեն եզրափակչում: