11 փետրվարի 2002 - 22:48 AMT
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԿՈՆԳՐԵՍԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ
Մեկնաբանելով վաշինգտոնյան վարչակազմի նախաձեռնությունը` 2002 թվականին Հայաստանին ամերիկյան օգնության ծավալի կրճատման մասին, Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը հայտնել է, որ Սպիտակ տան կողմից ներկայացված օրինագիծը նախատեսում է համարյա բոլոր նորաստեղծ անկախ պետություններին հատկացվող օգնության կրճատում: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ բնակչության ամեն շնչին հասնող օգնության չափով Հայաստանը մնում է աշխարհում առաջընթաց տեղերից մեկում: Դեսպանը նաեւ հնարավոր է համարում, որ կոնգրեսականները կվերանայեն Հայաստանին առաջարկված օգնության չափը: Հենց այդպես էլ տեղի է ունեցել անցյալ տարի, երբ վարչակազմը առաջարկել է տրամադրել Երեւանին 70 միլիոն դոլար, սակայն օրենսդիրները հասցրին այդ գումարը մինչեւ 90 միլիոնի: Այս անգամ կառավարությունը կրկին առաջարկում է սահմանափակվել 70 միլիոն դոլար գումարով: Ջոն Օրդուեյը նշել է, որ կոնգրեսականները կարող են կրճատելով բյուջետային ծախսերի մի մասը` ավելացնել մյուսը: Հիշեցնենք, որ վարչակազմի կոնգրես ներկայացրած բյուջետային առաջարկը նախատեսում է ավելացնել Ադրբեջանին հատկացվելիք ամերիկյան օգնության չափը: 2003 թվականին ԱՄՆ կառավարությունը առաջարկում է այդ երկրին հատկացնել 46 միլիոն դոլար, այն դեպքում, երբ այս տարի այդ գումարը կազմել է 43 միլիոն դոլար: Եվ Հայաստանի, եւ Ադրբեջանի ռազմական կարիքների համար Սպիտակ տունն առաջարկում է հաջորդ տարի տրամադրել հավասար չափով օգնություն` երեքական միլիոն: Բացի դրանից, Հայաստանը, սպաների որակավորումը բարձրացնելու համար, կստանա լրացուցիչ 400 հազար դոլար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: