8 հունվարի 2010 - 18:25 AMT
ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին


Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը ի պաշտպանություն ազատազրկման մեջ գտնվող եւ ՀՀ ԱԺ պատգամավոր առաջադրված «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի:

Հանրահավաքի ժամանակ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Արթուր Սարդարյանը, որը հայտարարեց «Ժողովրդի իշխանություն» նոր հասարակական քաղաքական նախաձեռնության ձեւավորման մասին, որը կհամալրի ընդդիմության շարքերը: Ընդ որում, նա նշել է, որ սահմանադիրների հավաքը որոշում է կայացրել ՀԱԿ-ի կազմում ընդգրկվելու մասին:

Վերջում ելույթ ունեցած ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն աննորմալ է համարել այն, որ քարոզչական հանրահավքին բացակայում է Ն.Փաշինյանը: «Դա օրենքի կոպիտ խախտում է»,-ասել է Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ այն օրը, երբ Փաշինյանը գրանցվեց որպես պատգամավորության թեկնածու, նա պետք է ազատ արձակվեր: Ըստ նրա, Փաշինյանը կարող էր ձերբակալվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, ինչը պաշտոնապես չի արվել:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է նաեւ, որ գլխավոր հաղթանակը համարում է այն, որ ՀՀ նախագահի կեղծված ընտրություններից եւ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո ժողովուրդը չդադարեցրեց իր պայքարը:

ՀԱԿ-ի առաջնորդը հաղորդել է նաեւ, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին: Հանրահավաքն ավարտվեց ավանդական երթով: