10 հունվարի 2010 - 17:21 AMT
Ներկա պահին թիվ 10/19 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցված է
Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջն. դպրոցում տեղակայված 10/19 ընտրատեղամասում այս պահին դադարեցվել է քվեարկությունը: Ինչպես հայտնում է այդ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը, ընտրությունների նորմալ ընթացքին խանգարում են ներկա գտնվող մի քանի լրագրողներ: ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, որը վերահսկում է է ընտրությունների ընթացքը, հակառակն է պնդում եւ պահանջում է վերսկսել ու շարունակել ընտրությունները: Նա հայտարարում է, որ հանձնաժողովի նախագահի գործողությունները, ով վերցրել եւ իր մոտ է պահում ընտրացուցակները, անօրինական են եւ նախատեսված չեն ՀՀ ԿԸՀ-ի ընտրական օրենսգրքով: Նա նաեւ հաղորդում է, որ հանձնաժողովի նախագահը ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույցից հետո հետեւյալ արտահայտությունն է արել. «Այստեղ է Զոյան, եւ ես ոչինչ անել չեմ կարող»:

Զոյա Թադեւոսյանը նաեւ ասաց, որ ընտրությունների ընթացքում երկու ակտ է կազմվել ընտրախախտումների մասին, որոնք հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում չի գրանցել:

Ավելի վաղ այս ընտրատեղամասում լրագրողների են ծեծել: Այս պահին ընտրատեղամասում են գտնվում ՀՀ ԿԸՀ եւս երկու ներկայացուցիչ` իրավիճակը կարգավորելու համար: