6 փետրվարի 2002 - 22:35 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանական «Լա Վանգվաիրա» թերթը հաղորդում է, որ Պենտագոնն ու Կենտրոնական հետախուզական վարչությունը մի նախագիծ են պատրաստել, ըստ որի ութ շաբաթվա ընթացքում պիտի տապալվի Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը: Թերթը նշում է, որ ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի կողմից Իրաքին կենտրոնացված հարվածի հասցնումը անհրաժեշտ է` «դիկտատորի» դեմ Իրաքի բնակչության եւ զինծառայողների ապստամբություն հրահրելու համար: Թերթը տեղեկություններ ունի այն մասին, որ այդ նախագծերի իրականցման ծրագրերում հատուկ տեղ է հատկացվում քրդական ընդդիմությանը: Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական ռազմական աղբյուրները, հաղորդում է, որ Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները «հակասադդամական դաշինք» են նախապատրաստում, հետեւյալ քրդական խմբավորումների մասնակցությամբ` Քրդստանի Ժողովրդավարական կուսակցություն եւ Քրդստանի Հայրենասիրական դաշինք: Ընդգծվում է, որ Պենտագոնը արդեն իսկ զբզղված է քրդերի ռազմական կառույցների նյութա-տեխնիկական ապահովմամաբ, որոնք պետք է կռվեն Սադդամ Հուսեյնի դեմ: ԱՄՆ-ի պլանների համաձայն, քրդերի ջոկատները կկատարեն Հյուսիսային դաշինքի դերը, որը թալիբների դեմ վարած ԱՄՆ-ի պատերազմում իր վրա վերցրեց գլխավոր ծանրությունը: Գործակալության մեկնաբանները գտնում են, որ աջակցելով քրդերի անջատողական տրամադրություններին, Վաշինգտոնը ձգտում է փլուզել ոչ միայն Իրաքի, այլ նաեւ Իրանի եւ Սիրիայի պետականությունը, որտեղ նույնպես կոմպակտ ձեւով բնակվում են այդ ժողովրդի ներկայացուցիչները: Միեւնույն ժամանակ, «Թուրանը» անհանգստություն է հայտնում այն կապակցությամբ, որ նման սցենարը հակաամերիկյան տրամադրություններ կառաջացնի Թուրքիայում: Ինչպես հայտնի է, Անկարան արդեն տասնամյակներ շարունակ ամենադաժան մեթոդներով ճնշում է քրդական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: