14 հունվարի 2010 - 13:54 AMT
Today's Zaman. Հունվարի վերջում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում
Անկարան հուսով է, որ վերջերս դիվանագիտական առաջխաղացումը Հարավային Կովկասում, որը կոչված է կոնկրետ առաջընթացի հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում, թույլ է տալիս անցնել այսպես կոչված «սահմանն» ու առաջ շարժվել հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:
Ինչպես գրում է թուրքական Today's Zaman-ը, Մոսկվայում Ռուսաստանի ղեկավարության ղեկավարության հետ հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կոչ է արել Դ.Մեդվեդեւին եւ վարչապետ Վ.Պուտինին «նոր խթան» հաղորդել ԵԱՀԿ ջանքերին ղարաբաղյան կարգավորման հարցում:

Ըստ թուրք բարձրաստիճան պաշտոնյաի, որը ցանկացել է անհայտ մնալ, Ադրբեջանն արդեն հավանություն է տվել Մադրիդյան սկզբունքներին , այժմ հերթը Հայաստանինն է: Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի Թուրքիա կատարած այցի ժամանակ:

Today's Zaman-ը գրում է նաեւ, որ հունվարի վերջում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնական Երեւանին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նորացված տարբերակը, սակայն պատասխան դեռեւս չի ստացել: Ըստ մոսկովյան հանդիպման արդյունքների հնարավոր են նախագահների բանավոր ու գրավոր հայտարարություններ: Ցանկացած համատեղ հռչակագիր, որը կհետեւի Ռուսաստանում կայացած հանդիպմանը եւ հստակ ցույց կտա, որ հայկական ու ադրբեջանական կողմերը հավանություն են տվել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին, կարեւոր փուլ կհանդիսանա: Դա գործողությունների ազատություն կտա Թուրքիային Հարավայի Կովկասում իրավիճակի կարգավորման համար»,-ասել է բարձրաստիճան դիվանագետը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին որոշումն ընդունվել է 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ պետությունների Նախարարների խորհրդի արտակարգ նիստում: Մինսկի կոնֆերանսի նախապատրաստմանը մասնակցող երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Մինսկի շփման խումբը` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման նպատակով: Կոնֆերանսի ժամանակ հիմնվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նրա դիտորդները հետեւում են զինադադարի պահպանմանը: 1993թ. Մինսկի խումբն առաջարկեց հակամարտության կարգավորման իր պլանը («Հստակեցված ժամանակացույց»), սակայն ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը չընդունեցին այն: 1994թ. երկու կողմերը, ՌԴ միջնորդությամբ, պայմանավորվեցին պահպանել ոչ պաշտոնական համաձայնությունը հրադադարի մասին, որը գործում է մինչ օրս:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի մշակմամբ ու առաջխաղացմամբ զբաղվում է ԵԱՀԿ Ծրագրման բարձր մակարդակի խումբը:

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ: