14 հունվարի 2010 - 14:26 AMT
ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է լուրերը` Մոսկվա Էրդողանի այցի հետ նրա այցի համընկնելու պատճառների մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան ծրագրված էր: Այդ այցի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռես 1,5 ամիս առաջ: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին եւ մեկնաբանելով լուրերը` Մոսկվա Էրդողանի այցի հետ նրա այցի համընկնելու պատճառների մասին:
«Իմ այցի մասին մենք պայմանավորվել էինք 1,5 ամիս առաջ, իսկ Թուրքիայի վարչապետը ցանկություն է հայտնել Մոսկվա այցելել մի քանի օր առաջ: Այնպես որ, նույն հաջողությամբ իմ այցը կարող էր համընկնել մեկ այլ իրադարձության հետ, որը տեղի է ունեցել մոլորակի այս կամ այն կետում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Իր հերթին Է.Նալբանդյանը հայտարարել է, որ Ս.Լավրովը հրավիրվել էր Մոսկվա դեռեւս 2009թ. դեկտեմբերի սկզբին, Աթենքում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում:
Հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել ՌԴ ղեկավարության հետ:
Դեկտեմբերի 1-2-ին Աթենքում տեղի ունեցավ ԵԱՀԿ ԱԳՆԽ ամենամյա գագաթնաժողովը, որի աշխատանքներին մասնակցեցին կազմակերպության 56 անդամ երկրների ԱԳ նախարարները, այդ թվում նաեւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: