14 հունվարի 2010 - 16:30 AMT
Հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի դերը տարածաշրջանում զգալիորեն կաճի
«Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումից եւ սահմանի բացումից հետո Հայաստանի դերը տարածաշրջանում զգալիորեն կաճի, ինչի դեմ էլ հասկանալի պատճառով հանդես է գալիս Ադրբեջանը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով, Արձանագրությունների վավերացման գործում խիստ շահագրգռված է Թուրքիան, քանի որ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում իրադրությունը կտրուկ փոխվեց, դրանով իսկ փոխվեց Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների հանդեպ:
Փորձագետը նկատեց, որ սահմանի բացումից հետո Հայաստանը առաջատար կդառնա տարածաշրջանի երկրների մեջ, եւ տարածաշրջանի ողջ եվրոինտեգրացիան կանցնի ՀՀ միջոցով: «Այն, ինչը մինչ այդ արվում էր Վրաստանի միջոցով»,- նկատեց նա:
Խոսելով Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ժամկետների մասին` Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ դա տեղի կունենա նախքան ընթացիկ տարվա ապրիլի 24-ը: «Մինչեւ այդ փաստաթղթերի վավերացումն ու Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի որեւէ ուժ կարողանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: