14 հունվարի 2010 - 17:20 AMT
Հայաստանը եւ Ռուսաստանը մտադիր են խորացնել երկկողմ հարաբերությունները
Հունվարի 14-ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Հանրապետության Նախագահն ասել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը»: Նշելով, որ Հայաստանը հետագայում եւս ջանքեր կգործադրի երկկողմ փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանն` ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած մեծ ջանքերի համար»:

ՌԴ արտգործնախարարըՆախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ամենաջերմ ողջույնները եւ ասել. «Նա հույս ունի, որ մեր երկրների միջեւ առկա ինտենսիվ, գործընկերային, փոխվստահելի երկխոսությունը, որ անցած տարի առաջընթաց է ունեցել, կշարունակվի նաեւ այս տարվա ընթացքում»: «Մենք նույնպես բարձր ենք գնահատում մեր երկրների ռազմավարական գործընկերության մակարդակը, դաշնակցային փոխգործակցությունը բոլոր ոլորտներում», -ասել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ հայ գործընկերոջ հետ հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նախագահ Սարգսյանը եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բովանդակալից զրույց են ունեցել հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունների, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում գործակցության խորացման վերաբերյալ: Նրանք կարեւորել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը եւ նշել, որ նոր համաձայնագրերը փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն, եւ էլ ավելի կամրապնդեն հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, եւ կարեւորվել ռուսական կողմի կառավարման ներքո գտնվող հայաստանյան ձեռնարկությունների արդյունավետ շահագործումը:

Սերժ Սարգսյանըեւ Սերգեյ Լավրովըմտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի վարչապետի հետ երեկ /հունվարի 13-ին/ կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ ներկայացրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն` ընդգծելով, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն. այս խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը նույնիսկ շատ բարդ է, եւ ճիշտ չէ դրանք միմյանց հետ շաղկապելը: Սերգեյ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, եւ թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: