14 հունվարի 2010 - 17:23 AMT
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության համար 2010 թ. տրամադրվելու է 120 մլն դոլար
Հայաստանի կառավարությունը հունվարի 14-ի նիստի ժամանակ հավանություն է տվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին :

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժողությունը 500 մլն դոլար է եւ ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիներն ու ճանապարհային ենթակառույցները: Այն ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը: Այս միջանցքի կառուցումը հնարավորություն կտա բարելավելու Իրանի եւ Վրաստանի հետ ճանապարհային կապը` ապահովելով ելքը դեպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ:

2010 թ. նախատեսվում է իրականացնել 120 մլն դոլար արժողությամբ շինարարական աշխատանքներ: Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` այդ աշխատանքներն ամբողջությամբ կատարելու համար: