14 հունվարի 2010 - 17:56 AMT
Վարդան Պողոսյան. Արձանագրությունների անվերապահ վավերացումը Հայաստանի շահերից է բխում
«Հայ-թուրքական մերձեցման գործում ՀՀ դիվանագիտության սխալն այն է, որ ստորագրված Արձանագրություններում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի ճանաչման մասին կետ է ամրագրված: Դա այն բանի հետեւանքն էր, որ փաստաթղթերի կազմման ողջ ընթացքը փակ էր եւ գործընթացի մեջ փորձագետներ չէին ներգրավված»,- այսօր Երեւանում Հայաստանի Սահմանադրական Դատարանի միջազգային պայմանագրերի գծով բաժնի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց սահմանադրության գծով փորձագետ Վարդան Պողոսյանը:
Սահմանադրության գծով փորձագետը նկատեց նաեւ, որ անգամ այդ տեսքով հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումն առանց որեւէ վերապահումների Հայաստանի շահերից է բխում: «Իզուր չէ, որ մինչեւ հիմա Արձանագրությունների վավերացման երկարաձգմամբ զբաղվում է Թուրքիան, քանի որ դրանց հետ կապված ավելի շատ խնդիրներ ունի»,- նշեց Պողոսյանը:
Նա ավելացրեց նաեւ, որ իր վարքով Թուրքիան ցույց է տալիս, որ չի ցանկանում վավերացնել Արձանագրություններն այնպիսին, ինչպիսին դրանք կան, այլ ձգտում է Հայաստանի հետ իր հարաբերությունները պայմանավորել երրորդ պետությամբ: «Այդ իմաստով շատ տեղին է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի նախագահի նախաձեռնությունը»,- ընդգծեց փորձագետը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: