15 հունվարի 2010 - 17:06 AMT
ԵԱՀԿ-ն քննատատում է Անկարային ՔՕ 301-րդ հոդվածի համար
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտին կտրուկ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հարցում նրանց դիրքորոշման համար: Միկլոշ Խարաշտին այդ հոդվածը դամոկլեսյան սուր է անվանել, որը կախված է Թուրքիայում ժողովրդավարության գլխին:

Ելույթ ունենալով Ստամբուլի Բիլգի համալսարանում կայացած համաժողովում` ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգխեց, որ 301-րդ հոդվածը խոչընդոտում է երկրում խոսքի ազատության եւ ժողովրդավարության չափանիշների հետագա զարգացմանը: «Չնայած առաջընթացին, մենք նաեւ արձանագրել ենք, որ թուրքական իշխանությունները չեն ցանկանում ամբողջությամբ լիբերալիզացնել թուրքական լրատվամիջոցներին: Մի քանի տարի առաջ Թուրքիայի ՔՕ մեջ փոփոխություններ ներմուծվեցին: Սակայն 301-րդ հոդվածը դամոկլեսյան սրի պես կախված է խոսքի ազատության գլխավերեւում»,- ասաց Խարաշտին, գրում է թուրքական Today's Zaman թերթը:

Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսում «թուրք ազգը վարկաբեկելու» համար: Այդ հոդվածով բազմիցս քրեական գործեր են հարուցվել հայտնի թուրք լրագրողների ու գիտնականների դեմ, ում մեղադրել են «թուրք ազգը վարկաբեկելու» գործում: Ամենաաղմկահարույցը գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուկի եւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դեմ հարուցված դատավարություններն էին: Առաջինը ստիպված էր լքել երկիրը, որպեսզի խուսափեր պատժից, իսկ Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում իր գրասենյակի դիմաց 2007 թվականի հունվարի 19-ին:

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:

Նախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):

ԵԱՀԿ-ի մասնակից պետությունները. Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:
Համագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:

1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին: