19 հունվարի 2010 - 15:36 AMT
Ադրբեջանից 1062 փախստական ընտանիքներ ապահովվել են բնակարաններով
2005 թվականից պետությունն իրականացնում է Ադրբեջանից փախստականներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Արդեն 1062 ընտանիքներ բնակարանի գնման համար վկայական են ստացել, որի օգնությամբ բնակտարածք են ձեռք բերել: Այդ մասին հայտնեց Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով, ծայրահեղ կարիքավոր փախստականների խնդիրների վերջնական լուծման համար է $40-45 միլիոն կպահանջվի: Ընդ որում, նա հաղորդեց, որ 2010 թվականին ծրագրվում է գագաթաժողով անցկացնել միջազգային հասարակայնության ներկայացուցիչների հետ, որտեղ կներկայացվի այդ հարցը: Եգանյանի խոսքով, ծայրահեղ կարիքավոր եւս 1270 ընտանիքներ սպասում են իրենց հարցի լուծմանը:

Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:

Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:

1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:

Ընդհանուր առմամբ 1988-1990 թվականների էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված էին հեռանալ մոտ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրեց Սփյուռքը, իսկ կեսից ավելին մշտական բնակություն հաստատեց Հայաստանում: