19 հունվարի 2002 - 20:02 AMT
ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ
«Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ: Այդ արհեստականորեն ստեղծված խնդիրը ուռճացվում է ԵԽ-ում որոշակի ուժերի սադրանքով»: Այսպիսի հայտարարություն է արել «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը իշխանամետ կուսակցությունների միության նիստին: Նա ակնարկել է, որ Ադրբեջանի հանդեպ Եվրախորհրդի խիստ վերաբերմունքի պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը Իլհամ Ալիեւի գլխավորությամբ պայքարում է հայերի դեմ: Ըստ Ահմեդովի` ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանում Իլհամ Ալիեւը պատրաստվել էր հանդես գալ « էլ ավելի խիստ» մեղադրանքներով Երեւանի հասցեին: «Սակայն, ըստ երեւույթին, հայերի հովանավորները Եվրախորհրդում օգնության ձեռք մեկնեցին նրանց` ուռճացնելով քաղբանտարկյալների խնդիրը», եզրակացրել է Ահմեդովը: Նա ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ հայերին դրանում օգնել են եւ «Բաքվի իրավապաշտպանները»: Եթե իրավապահպանների կողմից կազմված քաղբանտարկյալների ցուցակը չլիներ, Եվրախորհուրդը «չէր կարողանա Ադրբեջանի վրա ճնշում գործադրեր եւ Բաքվի հետ խոսեր վերջնագրերի լեզվով», հայտնեց Ահմեդովը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: