16 հունվարի 2002 - 22:19 AMT
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՐԵԼ
Երկու օրից սպառվում է Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ոլորտում մենաշնորհատեր հանդիսացող ընկերության միջեւ բանակցությունների համար տրամադրված ժամկետը: Դատելով անմիջական մասնակիցների կողմից բանակցությունների վերաբերյալ արված մեկնաբանություններից` արդեն երկու ամիս շարունակվող խորհրդակցությունները որոշակի արդյունքների այդպես էլ չեն հանգեցրել: Սակայն, Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը բանակցություններին ներկայացնում է կառավարությունը, չի բացառել խորհրդակցությունների ժամկետի երկարացման հնարավորությունը: Նա ձեռնպահ է մնացել բանակցությունների արդյունքների գնահատականից, վկայակոչելով այն հանգամանքը, որ դրանք դեռեւս շարունակվում են: Հիշեցնենք, որ վերջերս տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ, եթե կողմերին այդպես էլ չհաջողվի գտնել երկուստեք ընդունելի տարբերակ, ապա կառավարությունը կպահպանի ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճար կիրառելու վերաբերյալ արգելքը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: