5 փետրվարի 2010 - 22:31 AMT
Սերժ Սարգսյան. Այն արժեքները, որոնց դավանում է ՄԱԿ-ը, դավանում է նաեւ Հայաստանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դաֆինա Գերչեւային այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը: Նա հույս է հայտնել, որ նորանշանակ մշտական ներկայացուցիչն իր աշխատանքով կնպաստի Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ընդլայնմանը:

Դաֆինա Գերչեւան իր հերթին գոհունակություն է հայտնել գերազանց համագործակցության առթիվ, որի վկայությունն է համարել 2010-2015թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիրը: Նշելով, որ անցած տարի հաջողությամբ ավարտվել է ծրագիր առաջին փուլը, իսկ ներկայումս սկսվել է երկրորդը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը կայուն զարգացմանն աջակցելն է, եւ ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերը համապատասխանեցված են Հայաստանի առաջնահերթություններին, որոնց թվում են աղքատության կրճատման, հանրային ծառայությունների` կրթության, առողջապահության հասանելիության ապահովման, ապակենտրոնացման, աղետների դեմ պայքարի խնդիրները:




Երկրի ղեկավարի խոսքով` այն արժեքները, որոնց դավանում է ՄԱԿ-ը որպես կազմակերպություն, դավանում է նաեւ Հայաստանը որպես պետություն, ուստի մեր շահերն ընդհանուր են: Սերժ Սարգսյանն առաջնային է համարել մարդկային բարեկեցության, իրավական պետության կառուցման խնդիրները:

Նորանշանակ պաշտոնյան վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ներգրավվածության բարձրացմանը, ունի նոր գաղափարներ եւ կանի հնարավորը, որպեսզի իրականացվող ծրագրերը լավագույնս եւ առավել արդյունավետությամբ ծառայեն Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը: