5 փետրվարի 2010 - 21:57 AMT
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է զարգացնել Հայաստանի խորհրդարանի կարողությունները


Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ստորագրեցին փոխըմբռնան հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ԱԺ աշխատակազմի ղեկավարը, պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը:

Ստորագրված հուշագիրը հաստատում է երկու կողմերի համագործակցության պատրաստակամությունը եւ նպատակ ունի բարձրացնել օրենսդիր իշխանության դերը եւ զարգացնել խորհրդարանի կարողությունները: Փաստաթղթով նախատեսվում է իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, զարգացնել Ազգային ժողովի տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական եւ հետազոտական հնարավորությունները, կատարելագործել խորհրդարանի վերահսկողական գործառույթը, պատգամավորներին եւ աշխատակազմին միջազգային փորձն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել:

Հուշագրով սահմանված նպատակները եւ միջոցառումները իրագործելու համար նախատեսվում է ձեւավորել աշխատանքային խումբ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: