5 փետրվարի 2010 - 21:01 AMT
Հայաստանում զբոսաշրջության զարգացման հայեցակարգը 2,5-3 մլրդ դոլարի ներդրում է պահանջում


«Տարբեր տարիներին Հայաստան այցելել են զբոսաշրջային խմբեր Թուրքիայից, քանի որ նրանք Հայաստան էին այցելում սահմանի բացման մասին խոսակցություններից շատ առաջ»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Սակայն, ըստ նրա, հայ-թուրքական սահմանի բացումը կբարձրացնի որպես զբոսաշրջության կենտրոն Հայաստանի դերը տարածաշրջանում:

Ապրեսյանն ասել է նաեւ, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանը համագործակցում է հարեւան երկրների հետ, այդ թվում նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի: «Այդ համագործակցությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում, քանի որ հեռվից ժամանող զբոսաշրջիկները գերադասում են այցելել տարածաշրջանի բոլոր երկրները»,-ասել է Ապրեսյանը: Դրան նպաստում է նաեւ Հայաստանի մասնակցությունը միջազգային ծրագրերին, մասնավորապես The spirit of Caucasus ծրագրին:

Մ.Ապրեսյանն ասել է նաեւ, որ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանում զբոսաշրջության զարգացման հայեցակարգը 2,5-3 մլրդ դոլարի ներդրում է պահանջում, որից պետությունը պատրաստ է հատկացնել 700 մլն դոլարը: Գումարի մյուս մասը պետք է ներդնի մասնավոր հատվածը: