Անիրական կլինի կարծել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված բոլոր հարցերը վերջնական լուծում կստանան Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում: Այդ մասին այսօր Երեւանում Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վարդան Խաչատրյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, նախագահների յուրաքանչյուր հանդիպումը եւս մեկ քայլ է հակամարտության լուծման ուղղությամբ: Ընդ որում, նա նկատեց` այն, որ վերջին հանդիպման ընթացքում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, արդեն առաջընթաց է:
Վարդան Խաչատրյանն իր հերթին ասաց, որ թեեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է արձանագրվել, Բաքուն անհնարն է պահանջում, որպեսզի առավելագույնը ստանա: Այդ ենթատեքստում Խաչատրյանը հատկապես առանձնացրեց Ալիեւի շարունակական սպառնալիքներն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է նաեւ ռազմական ճանապարհով լուծվել:
Ընդ որում, ՀՀԿ-ից պատգամավոր Ավագյանը չհամաձայնեց իր գործընկերոջ կարծիքի հետ` նշելով, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ներքին լսարանի համար են կատարվում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:
Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:
2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (հնչակ- հայերեն` զանգ), հայկական ավանդական քաղաքական կուսակցություններից մեկն է: Հիմնադրվել է 1887 թ. Ժնեւի համալսարանի ուսանողներ Ա. եւ Մ. Նազարբեկյանի, Ռ. Խանազատյանի, Գ. Կաֆյանի եւ այլոց նախաձեռնությամբ, որոնք հրատարակում էին «Հնչակ» հեղափոխական թերթը: Կուսակցությունը դարձավ առաջին սոցիալիստական կուսակցությունը, որ գործում էր Օսմանյան Թուրքիայի եւ Պարսկաստանի տարածքում:
1888թ. հրապարակված ծրագրում կուսակցության մոտակա նպատակն էր համաժողովրդական ապստամբության միջոցով Արեւմտյան Հայաստանի ազատագրումը, որին պետք է հետեւեր սոցիալիստական կարգերի հաստատումը: Հնչակյանները մարքսիզմի քարոզիչներ էին, առաջին անգամ հայկական իրականության մեջ Ֆ. Էնգելսի թույլտվությամբ հրատարակում են «Կոմունիստական մանիֆեստի» հայերեն թարգմանությունը: Հնչակյանների հայտնի գործողություններից էր 1904 թ. ՀՅԴ հետ համատեղ իրականացրած Բաքվի ապստամբությունը:
Կուսակցությունն ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին, կազմակերպել է հանրահավաքներ Գում-Գաբուում (1890 թ.) եւ Բաբի Ալիում (1895), Զեյթունի, Սասունի եւ այլ ազատագրական ապստամբությունները: Կուսակցության անդամներն են եղել Մեծն Մուրադը, Ժիրայրը, Հրայրը, Քրիստափոր Օհանյանը, Մուրադ Սեբաստացին (վերջինս հարել է դաշնակներին) եւ այլք:
1915 թ. կուսակցության 20 առաջնորդներ Ստամբուլում կախաղան են բարձրացվել:
Կուսակցությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում, նրա անդամները մարտնչել են Սարդարապատի ճակատամարտում: Խորհրդային իշխանության հաղթանակից հետո ԽՍՀ Հայաստանի տարածքում հնչակները հայտարարել են ինքնալուծարման մասին: Սակայն մի շարք երկրներում կուսակցությունը շարունակել է գործել, մասնավորապես մասնակցել է Լիբանանում 1970-80 թթ. հայկական համայնքի ինքնապաշտպանությանը:
1990-ականներին հնչակները մասնակցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը եւ ստեղծել են «Մեծն Մուրադ» ջոկատը: Ներկայում կուսակցությունն ունի շրջանակներ ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, Հայաստանում, Եգիպտոսում, Արգենտինայում, Ուրուգվայում, Կանադայում, Ավստրալիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում եւ այլուր: Կուսակցությունը հրատարակում է «Արարատ» (Լիբանանում), «Նոր սերունդ» (Հայաստանում), «Ջահակիր» (Եգիպտոսում), «Մասիս» (ԱՄՆ-ում), «Զանգ» (Ավստրալիայում) եւ այլ թերթեր, Կանադայում եթեր է հեռարձակվում հայկական հեռուստաժամ, իսկ Ավստրալիայում ստեղծել է հայկական ռադիոծրագիր:
Կուսակցությունն աչքի է ընկել նաեւ հայկական հարցի արդար լուծման եւ հայերին պատմական հայրենիք վերադարձնելու համար պայքարով:
Հայաստանում ՍԴՀԿ-ն ընդդիմության կազմում է հանդես գալիս: Լիբանանում կուսակցության անդամ Եղիա Ջերեջյանը երկրի խորհրդարանի պատգամավոր է: Կուսակցության կազմի մեջ են մտնում` AEBU կազմակերպությունը, որն աջակցություն է ցուցաբերում հայկական դպրոցներին, առողջապահական եւ սոցիալական հիմնարկություններ, երիտասարդական «Տխրունի» միությունը, սպորտային Homenmen ակումբը: