25 հունվարի 2010 - 19:19 AMT
Հայոց բանակի խնդիրներից մեկն անտարբերությունն է ծառայության հանդեպ


«ՀՀ բանակում պետք է արմատախիլ անել անտարբերությունը ծառայության հանդեպ, եւ այստեղ իրենց սեփական օրինակով մեծ դեր են կատարում հրամանատարները»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Օհանյանի, հաճախ զինծառայողներն անտարբեր են այն պատճառով, քանի որ նրանց ծառայությունը չի գնահատվում: «Այդ խնդիրը լուծելու համար անցյալ տարվանից զինված ուժերում ներմուծվել է արդյունքների գնահատման համակարգն ու ծառայության արդյունքների ամփոփումը»,-ասել է նա:

ՊՆ ղեկավարը նշել է, որ դա ուղղված է բարեխիղճ ծառայող զորակոչիկների խրախուսմանը: «Պարտադիր չէ, որ խրախուսումը դրամական դրսեւորում ունենա: Հաճախ հասարակ «շնորհակալությունը» բավական է, որ զինծառայողը զգա, որ իրեն գնահատում են»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: