4 փետրվարի 2010 - 18:25 AMT
«Ժառանգությունը» կարող է վերանայել Արձանագրությունների շուրջ ՀՅԴ հետ իր համագործակցությունը


«Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը ՀՅ Դաշնակցության հետ հիմնված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները չընդունելու սկզբունքի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով, կուսակցությունը պատրաստ է այդ հարցում համագործակցել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ: «Սակայն ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունից հետո այն մասին, որ կուսակցությունն իր ճանապարհով է գնալու, մենք կարող ենք վերանայել մեր դիրքորոշումը»,- նշեց կուսակցության խմբակցության ղեկավարը:

«Ժառանգությունն» Արձանագրությունները չի ընդունի ոչ մի տեսքով, այդ թվում` վերապահումներով»,- ընդգծեց Սաֆարյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: