4 փետրվարի 2010 - 17:33 AMT
«Հայկական պանիր» ընկերությունը դուրս կգա համաշխարհային շուկա


Հայկական պանիր ընկերությունը տեղական տարբեր ֆիրմաների պանիրները համախմբելով միասնական «Հայկական պանիր» բրենդի ներքո, դուրս կգա արտաքին շուկա: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նրա խոսքերի համաձայն, ուսումնասիրվում են Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Մոսկվայի, Վրաստանի եւ Իրանի շուկաները: Նախատեսվում է նաեւ ԱՄՆ շուկա արտահանել այծի պանիր, որի պահանջարկը մեծ է այդ երկրում: Ռոբերտ Հարությունյանն ավելացրել է, որ Հայաստանում այծի պանրի պահանջարկն ավելի քիչ է, քան «Լոռի» եւ «Չանախ» պանիրներինը, հետեւաբար նպատակահարմար է առաջին հերթին հենց այծի պանիր արտահանել:

Հայաստանի պանրագործների ընկերակցության տնօրեն Արմեն Գիգոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում արտադրվում է 25 տեսակի պանիր, որոնց արտահանումը կախված է յուրաքանչյուրի պահանջարկից, մասնավորապես, այծի պանրի պահանջարկը մեծ է ԱՄՆ-ում, իսկ շվեյցարական պանիրների տեսականին` Իրանում: «Պարմեզան» տեսակի պանիրը նույնպես մեծ պահանջարկ ունի Իրանում, այդ պատճառով մենք նպատակ ունենք ձեռք բերել այդ պանրի արտադրման տեխնոլոգիան եւ այն արտադրել Հայաստանում», - ասել է նա:

«Հայկական պանիր» ընկերությունը Զարգացման հայկական գործակալության եւ Պանրագործների ընկերակցության 50/50 մասնաբաժնով պետական եւ մասնավոր ընկերություն է: Նորաստեղծ ընկերության գերնպատակն է ձեւավորել մեխանիզմներ, որի միջոցով կխթանվի հայկական պանրի արտահանումը արտերկրում մեծ պահանջարկ ունեցող շուկաներ:
Պանրագործների ընկերակցությունն ունի 48 անդամ, ովքեր հանրապետությունում հիմնական պանիր արտադրողներն են: Պաշտոնական վիճակագրության 2008-2009 թթ. տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 17 հազ. տոննա պանիր, որից արտահանվում է ընդամենը 400 տոննա: