4 փետրվարի 2010 - 17:02 AMT
Փետրվարի 5-7-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Առաջնորդության զարգացման ազգային սեմինար»


Փետրվարի 5-ից 7-ը Ծաղկաձորի Գրողների տանը տեղի կունենա «Առաջնորդության զարգացման ազգային սեմինար», որը կազմակերպել է AIESEC Հայաստան միջազգային երիտասարդական կազմակերպությունը:

2010թ.-ի «Առաջնորդության զարգացման ազգային սեմինար»-ն անցկացնելու են ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ժամանած, առաջնորդելու հմտություն եւ փորձ ունեցող AIESEC-ի անդամները: Նրանք իրենց փորձն են փոխանակելու ներկաներին: Առաջնորդության զարգացման ազգային սեմինարը (NLDS) տեղի է ունենում AIESEC Հայաստանում 90-ական թվականներից, նպատակ ունի բացահայտել եւ զարգացնել մասնակիցների առաջնորդական հմտությունները:

AIESEC Հայաստանը կազմակերպում է ամենամյա 6-8 ազգային եւ տարածաշրջանային կոնֆերանսներ, որոնք, միավորելով բոլոր անդամներին, հնարավորություն են տալիս մշակել նոր ռազմավարական ծրագրեր, մասնակցել ուսումնական սեմինարների, քննարկել գործընկերների հետ հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ` զարգացնել մասնագիտական հմտություններ:

AIESEC Հայաստանը միջազգային ամենամեծ հասարակական երիտասարդական կազմակերպություն է, որ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին բացահայտել եւ զարգացնել իրենց ներուժը` դրանով իսկ նպաստելով հասարակության զարգացմանը: AIESEC-ը ներկայացված է աշխարհի 107 երկրների ավելի քան 1100 համալսարաններում: Ամեն տարի կազմակերպությունն ավելի քան 550 խորհրդաժողով է կազմակերպում, արտասահմանում աշխատելու 8000 հնարավորություն է ընձեռում եւ ավելի քան 5000 առաջնորդական դիրքեր է առաջարկում կազմակերպության անդամներին: AIESEC-ը նորարական մոտեցում ունի երիտասարդների ներգրավման եւ զարգացման հարցում` ուշադրությունը սեւեռելով անձնական կապերի կառուցման եւ ապագայի ուղղությունների ու նպատակների հայտնաբերման վրա: