3 փետրվարի 2010 - 20:44 AMT
ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Ֆրանսիա


Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երեւանում ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրեց հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների եւ հանդիպումների ծրագիրը` հույս հայտնելով, որ դրանց ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազաբովանդակ հարցեր քննարկելու հնարավորություն կընձեռվի:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ֆրանսիական բարեկամական ամուր կապերին` ընդգծելով սերտ համագործակցային հարաբերությունները տնտեսական, պաշտպանական եւ քաղաքական տարբեր բնագավառներում:

Հանդիպման ավարտին Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ Ֆրանսիա կատարելիք այցից հետո կրկին հանդիպում կկազմակերպվի դեսպանի հետ, որի ընթացքում կքննարկվեն այցի արդյունքներն ու կնախանշվեն հետագա համագործակցության հեռանկարները, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: