7 փետրվարի 2010 - 16:41 AMT
Հայաստանն ու Ադրբեջանը 2012թ. ֆուտբոլի ԵԱ նախընտրական մրցաշարում չեն հանդիպի


Վարշավայում կայացավ 2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական մրցաշարի վիճակահանության արարողությունը: Հայաստանի հավաքականը մտավ B խմբի մեջ եւ իր ուժերը կչափի Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի ու Անդորրայի հավաքականների հետ:

Որակավորման մրցաշարի 51 մասնակիցները բաժանվել են ինը խմբերի: Նախընտրական շրջանը կմեկնարկի 2010 թվականի սեպտեմբերին եւ կավարտվի 2011-ի նոյեմբերին: Հավաքականները կմրցեն եզրափակիչ փուլի 14 ուղեգրերի համար, եւս երկու տեղեր ինքնաբերաբար կստանան առաջնության հյուրընկալող թիմերը:

Մեկ խմբի թիմերը միմյանց հետ մեկական հանդիպումներ կանցկացնեն տանը եւ դրսում: Եզրափակիչ փուլ ուղղակիորեն դուրս կգան ինը խմբերի հաղթողներն ու լավագույն ցուցանիշներով երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը: 2011 թվականի նոյեմբերին մնացած չորս ուղեգրերը փլեյ-օֆֆ մրցակարգով կխաղարկվեն երկրորդ տեղը զբաղեցրած մնացած ութ թիմերի միջեւ:

ԵԱ-2012 նախընտրական մրցաշար`

A խումբ` Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան
B խումբ` Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Հայաստան, Անդորրա
C խումբ` Իտալիա, Սերբիա, Հյուսիսային Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերյան կղզիներ
D խումբ` Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բելոռուսիա, Ալբանիա, Լյուքսեմբուրգ
E խումբ` Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդավիա, Սան-Մարինո
F խումբ` Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա
G խումբ` Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնոգորիա
H խումբ` Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա
I խումբ` Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն