12 փետրվարի 2010 - 23:04 AMT
Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին


Այդ աշխատանքները փետրվարի 12-ին մեկնարկել են սահմանային անվտանգության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար <b>Արթուր Բաղդասարյանը</b>: Ազգային անվտանգության ռազմավարության եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` 2010 թվականի ընթացքում պետք է մշակվի եւ հաստատվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը:

Նիստում որոշվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ գործուղել Հայաստանի սահմանային անցակետեր` տեղերում ուսումնասիրելու առկա իրավիճակը եւ սահմանային անցակետերի արդիականացման առաջարկություններ ներկայացնելու:

Ընդգծելով Հայաստանի պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ աշխատանքները պետք է տարվեն երեք ուղղություններվ. Հայաստանի սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով պետք է մշակել եւ 2010 թվականի ընթացքում անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը: Պետք է մշակել սահմանային ենթակառուցվածքներն արդիականացնելու համալիր ծրագիր, որը կներառի Բավրայի, Բագրատաշենի, Մեղրու, Այրումի եւ Գոգավանի սահմանային անցակետերը, քանի որ դրանք ե'ւ տեխնիկական, ե'ւ ինստիտուցիոնալ առումով լուրջ վերազինման կարիք ունեն: Այդ անցակետերը պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ է մշակել նաեւ ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր, ինչը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: