Յուրաքանչյուր բանակցության ընթացքում, այդ թվում նաեւ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են փոխզիջումների գնալ: Այս մասին ասել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը` Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Պատգամավորի խոսքերի համաձայն, ամբողջ հարցն այն է, որ այդ փոխզիջումները չհակասեն Հայաստանի եւ ԼՂՀ շահերին: «Այսօր մեր ղեկավարության վարած արտաքին քաղաքականությունը ուղղված է այն բանին, որ փոխզիջումները կատարվեն ի շահ հայկական կողմի», - ասել է նա:
Հ.Հարությունյանն ասել է, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի զիջումները կարող են լինել Շահումյանի շրջանի եւ Մարտակերտի շրջանի մի մասի վերադարձը: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանի ամենամեծ զիջումը ԼՂՀ անկախության ճանաչումն է լինելու:
Այն հարցին, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմն արդյոք բարձրացնում է Շահումյանի շրջանի եւ Մարտակերտի շրջանի մի մասի վերադարձման հարցը, նա ասել է, որ իրեն հայտնի չեն բանակցային գործընթացի մանրամասները, քանի որ այն գաղտնի է ընթանում. «Սակայն կարող եմ ենթադրել, որ դրանք բարձրացնում է հայկական կողմը»: