Փետրվարի 16-ին ավարտվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսի հովվապետական այցը Երուսաղեմ: Այցի ընթացքում Գարեգին Բ-ն մասնակցեց ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք, եպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի գահակալության 20, քահանայության 70 եւ ծննդյան 91-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսությանը մասնակցում էին Ղպտի, լատին, հույն ուղղափառ եւ այլ եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսության ընթացքում ընթերցվեց հայ ժողովրդին բազմամյա նվիրված եւ արգասաբեր ծառայության համար Թորգոմ Պատրիարքին Հայաստանի հանրապետության բարձրագույն` «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո կենտրոնը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացավ պատրիարքարանի միաբանական ժողովը: Քննարկվեցին Սուրբ երկրում Հայ եկեղեցու ունեցվածքի պահապանման ու տնօրինման, ինչպես նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության առջեւ ծառացած այլ խնդիրներ:
Ամենայն Հայոց Հայրապետը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Ս.Հարության տաճար` խոնարհվելու եւ իրենց ուխտը նորոգելու Տիրոջ գերեզմանի առջեւ: