10 փետրվարի 2010 - 15:29 AMT
Հայաստանի եւ Իրանի միջեւ մշակութային համագործակցության ծրագիր է ստորագրվել 2010-2012թթ. համար


Փետրվարի 10-ին Երեւանում Հայաստանի մշակույթի նախարարությունն ու Իրանի մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպությունը ստորագրեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ մշակութային համագործակցության ծրագիր է ստորագրվել 2010-2012թթ. համար:

Ստորագրման արարողության ժամանակ կողմերը հայտարարեցին, որ Հայաստանն ու Իրանը բարձր են գնահատում երկկողմ համագործակցության մակարդակը մշակույթի ոլորտում եւ մտադիր են զարգացնել ու խորացնել առկա կապերը:

«Ստորագրված համաձայնագրի մանրամասները մենք 2 օր քննարկել ենք Իրանի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Իրանի նախագահի խորհրդական, Իրանի մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության ղեկավար Մեհդի Մոստաֆին: 1994թ. ի վեր, երբ ՀՀ եւ Իրանի կառավարությունների միջեւ համաձայնագիր ստորագրվեց մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության եւ ԶԼՄ-ների ոլորտում համագործակցության մասին, հսկայական աշխատանք է կատարվել, սակայն մենք մտադիր չենք բավարարվել ձեռքբերվածով»,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մոստաֆին իր հերթին հայտարարել է. «Հայաստանի ու Իրանի միջեւ պատմականորեն ձեւավորվել են դարավոր, բարեկամական եւ մերձավոր հարաբերություններ, իսկ երկու ժողովրդներ վաղուց արդեն մեկ ընտանիք են դարձել մշակութային ընդհանրության շնորհիվ: Հայ-իրանական կապերը մշտապես զարգանում են բոլոր ուղղություններով, իսկ այսօր ստորագրված փաստաթուղթը հնարավորություն է տալիս էլ ավելի խորացնել ու զարգացնել համագործակցությունը մշակույթի ոլորտում»: