19 դեկտեմբերի 2001 - 22:28 AMT
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ
«Հայկական ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վանցյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ընդ որում, քաղաքացիական ավիացիայի վարչության պետը պնդում է, որ Վանցյանը ինքն է դիմում տվել ազատման մասին, վկայակոչելով առողջական ոչ բարվոք վիճակը: Հայտնի է, որ ավիաընկերության ֆինանսական վիճակը շարունակում է վատանալ: Վատ վարչարարությունը դրա պատճառներից միայն մեկն է: «Հայկական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռների շարժակազմը չափազանց սուղ է: Ինքնաթիռների մեծ մասը բարոյապես ու ֆիզիկապես հնացել են: Կառավարությունում գտնում են, որ ազգային ավիափոխադրողի պրոբլեմների լուծումը հնարավոր է դրա սեփականաշնորհման դեպքում: Տվյալներ կան այն մասին, որ բանակցություններ են գնում «Հայկական ավիաուղիները» «Աէրոպորտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը վաճառելու մասին, որը պատկանում է ծագումով հայ Էդուարդո Էրնեքյանին եւ, որը Հարավային Ամերիկայի մի քանի երկրների ընդհանուր առմամաբ 33 օդանավակայանների տերն ու կառավարիչն է: Երեկ չէ առաջի օրը համաձայնագիր է կնքվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարի ժամկետով Էրնեքյանի կառավարմանը հանձնելու մասին: Ներկայումս «Աէրոպորտոս Արխենտինա 2000» ընկերության փորձագետները ուսումնասիրում են գործերի իրողությունը «Հայկական ավիաուղիներում», եւ բացառված չէ, որ գլխավոր տնօրենի պաշտոնանկությունը կապված է հենց դրա հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: