18 փետրվարի 2010 - 14:07 AMT
Արտյուշա Շահբազյան. Փետրվարի 18-ը պետք է նշվի որպես ազգային տոն


Այսօր Խորհրդային իշխանությունների դեմ Դաշնակցության 1921 թ-ի ապստամբության տարելիցի կապակցությամբ, ՀՅԴ-ի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին բոլշեւիկների կողմից 1921թ. փետրվարին «երեւանյան բանտում կացնահարված դաշնակների հիշատակին» նվիրված խաչքարին:

Արարողության ընթացքում ելույթ ունեցավ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Բոլշեւիկները ցանկանում էին ոչնչացնել ազգային մտածելակերպը: Պետք չէ մտածել, որ դա ուղղված էր դաշնակների դեմ, դա ուղղված էր ողջ ժողովրդի դեմ», - ասել է նա: Շահբազյանը նշեց, որ Հայաստանը 42 օրով ազատվել էր բոլշեւիկների իշխանությունից, ինչը աննախադեպ երեւույթ էր: Ապստամբությունները տեղի էին ունենում նաեւ այլ հանրապետություններում, սակայն միայն Հայաստանը կարողացավ կազմակերպել նման ապստամբություն:

Շահբազյանը նաեւ նշել է, որ փետրվարի 18-ն անհրաժեշտ է հայտարարել ազգային տոն: Նրա խոսքերով, Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, եւ երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ է: «Այդ մասին են վկայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները», - ասել նա, եւ ավելացրել, որ Հայաստանը պետք է հաղթահարի բոլոր խնդիրները եւ հավատարիմ մնա նախնիների գաղափարներին: