18 փետրվարի 2010 - 16:12 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ-թուրքական մերձեցումը մի գործընթաց է, որտեղ մեծ խաղադրույքներ են արվում


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայ-թուրքական գործընթացը ճգնաժամ է ապրում: Չնայած նրան, որ Թուրքիայի խորհրդարանում Արձանագրությունների վավերացման հավանականություն դեռեւս կա, այդ հնարավորությունն աստիճանաբար կարող է զրոյի հավասարվել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված թիվ 252 բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին կարող է Թուրքիայի հանդեպ ճնշման լրացուցիչ լծակ դառնալ, քանի որ հենց ԱՄՆ-ն է հայ-թուրքական նախագծի «հովանավորը»: Հայ-թուրքական մերձեցումը մի գործընթաց է, որտեղ մեծ խաղադրույքներ են արվում: Բոլոր արտաքին ուժերը` Ռուսաստանն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է քաղաքագետը: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է վավերացնել Արձանագրությունները, չսպասելով, թե դա երբ կանի Թուրքիայի խորհրդարանը, այդպիսով անհարմար վիճակի մեջ դնելով Անկարային: