18 փետրվարի 2010 - 17:30 AMT
Հայաստանն երբեք առաջինը չի վավերացնի Արձանագրությունները


Ղարաբաղյան կարգավորման հարցում միջազգային հանրության ճնշումից խուսափելու համար Հայաստանը կարող է առաջինը վավերացնել ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները: Այդ մասին Երեւանում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմվակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Սաֆարյանի խոսքով, Արձանագրություններն առաջինը վավերացնելու Հայաստանի ղեկավարության հակվածության մասին ավելի վաղ հայտնել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Սամվել Նիկոյանը:

Կարեն Ավագյանն իր հերթին նկատեց, որ ՀՀԿ-ից իր պաշտոնակիցները Արձանագրությունների վավերացման մասին իրենց կարծիքն են հայտնել, այլ ոչ թե ղեկավարության: «Անհնար է, որ Հայաստանը թուրքական կողմից առաջ վավերացնի Արձանագրությունները: Եթե պարզվի, որ թուրքական կողմն արհեստականորեն երկարաձգում է վավերացումը, ապա Հայաստանը կդադարեցնի գործընթացը»,- նշեց Ավագյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե Հայաստանի համար ինչպես եւ երբ պարզ կդառնա, որ Թուրքիան արհեստականորեն երկարաձգում է վավերացումը, ՀՀԿ ներկայացուցիչը նկատեց, որ հայկական կողմը, օգտագործելով դիվանագիտական մեթոդները, կարող է գնահատել եւ հասկանալ Թուրքիայի մտադրությունները: «Ըստ իս, եթե թուրքական կողմը մինչեւ ապրիլի 24-ը չվավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանը կդադարեցնի գործընթացը»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության անդամը: