18 փետրվարի 2010 - 17:39 AMT
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվել է «Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» ցուցահանդեսը


Հայաստանում Մայրենի լեզվի տարվա շրջանակներում փետրվարի 18-ին <b>Եղիշե Չարենցի</b> տուն-թանգարանում բավեց անձամբ Եղիշե Չարենցի, ինչպես նաեւ նրա երկրպագուների կողմից թանգարանին նվիրված գրքերի ցուցահանդեսը:

«Այստեղ հավաքված են ամենատարբեր գրողների, Հայաստանի ու սփյուռքի դասականների եւ ժամանակակից գրողների գրքեր, որոնք, անսահման հարգելով Ե.Չարենցի տաղանդը, իրենց պարտքն էին համարում գրքի առաջին նմուշը նվիրել նրա թանգարանին: Որպես ցուցահանդեսի խորագիր է ընտրվել Չարենցի «Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» Չարենցի խոսքերը, լրագրողներին է ասել թանգարանի տնօրեն <b>Լիլիթ Հակոբյանը</b>:

Առաջին օրը թանգարան այցելեցին տարբեր դպրոցների աշակերտներ: Ողջույնի խոսքով նրանց դիմեցին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, բանաստեղծուհի Մետաքսեն, Ռուզան Ասատրյանը: Վերջինս թանգարանին նվիրեց իր «Դարի արժեքը մարդն է» գիրքը, որտեղ պատմվում է 20-րդ դարի մեծանուն հայերի մասին:

Այս ցուցահանդեսով թանգարանը սկսեց մեկ շաբաթ տեւողությամբ մարաթոնը, որի ժամանակ թանգարանին գրքեր կնվիրաբերվեն: «Մենք նաեւ մտադիր ենք բաց դասեր անցկացնել Չարենցի անվան դպրոցում եւ գրքեր նվիրել մեր մրցույթների հաղթող այդ դպրոցի աշակերտներին մեր թանգարանի ֆոնդերից»,-ասել է Լիլիթ Հակոբյանը: