18 փետրվարի 2010 - 18:20 AMT
Թուրքիան այն երկիրը չէ, որի վրա կարելի է ճնշում գործադրել Ցեղասպանության հարցով


Հայաստանի ղեկավարության հույսերը, կապված այն բանի հետ, որ թուրքական կողմը մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 24-ը կվավերացնի Արձանագրությունները, խաբուսիկ են, քանի որ Թուրքիան այն երկիրը չէ, որի վրա կարելի է ճնշում գործադրել Հայոց ցեղասպանության հարցով: Այդ մասին Երեւանում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Սաֆարյանի խոսքով, ԱՄՆ-ն խիստ շահագրգռված է, որպեսզի հայ-թուրքական մերձեցումը հաջողությամբ պսակվի: Այդ ենթատեքստում Թուրքիան հստակ հասկացրել է Միացյալ Նահանգներին, որ ճնշումն ուժեղացնելու դեպքում թուրքական կողմը կարող է ընդհանրապես հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից: «Ելնելով վերը ասվածից` պետք չէ մեծ հույսեր կապել այն բանի հետ, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչման սպառնալիքով Թուրքիային կստիպի վավերացնել Արձանագրությունները: Առավել եւս, որ ապրիլի 14-ին ծրագրվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ, որտեղ նա կհանդիպի Բարաք Օբամայի հետ»,- նկատեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Կարեն Ավագյանն իր հերթին նկատեց, որ եթե Թուրքիան ձախողի ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա ամբողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման նոր ալիք կսկսվի: