17 դեկտեմբերի 2001 - 23:05 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ
Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ցանկացած փաստաթղթում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը երբեք չի շոշափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, քանզի այդ խնդիրը շատ բարդ է: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին է հայտնել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշունը: Մեկնաբանելով Բաքվում իր գործընկեր Չժան Գոտցյանի հայտարարությունն այն մասին, որ «Չինաստանը լիովին կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», դեսպանն ընդգծեց, որ դիվանագետների հայտարարությունները, ցավոք սրտի, ոչ միշտ են արտացոլում ՉԺՀ կառավարության դիրքորոշումը: Պաշտոնական Պեկինն իր դիքորոշման մասին վերջերս հայտնել է Հայաստանի ԱԳՆ եւ հավանության արժանացել: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ վերջին ժամանակներս հաճախ է հանդիպում եւ լրագրատվական էթիկան խախտող բացահայտ «կեղծիքի»: Դեսպանի խոսքերով` նման տեղեկություններն ուղղված են Չինաստանի եւ բարեկամ Հայաստանի հարաբերությունների վատթարացմանը: Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է` իբրեւ ՉԺՀ դեսպանն այդ երկրում հայտնել է, որ «Չինաստանը չի ճանաչում անջատվողականների լեգիտիմիզմը Լեռնային Ղարաբաղում»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: