24 փետրվարի 2010 - 16:40 AMT
Հայաստանի հանրային խորհուրդն առաջարկում է գյուղական կոոպերացիա ստեղծել


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում, որը թվով երկրորդն էր, ուշադրության կենտրոնում երկու հարց էր` կոոպերացիայի ներմուծումը գյուղատնտեսության ոլորտ եւ ինտերնետի մատչելիության եւ սակագների հարցերը:

Իր ելույթում խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը նշել է, որ անկախության օրվանից ի վեր Հայաստանում լայնածավալ ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում, նաեւ մեծ աշխատանք է կատարվել այդ ոլորտի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: «Սակայն, ցավոք, արդյունավետ զարգացման տեսակետից, բոլոր այդ ներդրումները ցանկալի արդյունք չտվեցին: Գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր սուբյեկտները մնացին նույն վիճակում` 1993-94թթ. մակարդակին»,-ասել է նա: Նա ընդգծել է, որ սեփականաշնորհումից հետո երկրում կա շուրջ 339 հազար գյուղատնտեսություն եւ պետությունը ստիպված է աշխատել նրանց բոլորի հետ:

Ըստ Խ.Հարությունյանի, անհատական տնտեսությունների անբարվոք վիճակը չի կարող նպաստել այդ ոլորտի դինամիկ զարգացմանը: Դրա համար ՀԽ-ն առաջարկում է կոոպերացիայում միավորվելու հնարավորություն տալ գյուղացիներին ու ֆերմերներն: «Կոոպերացիան կոլեկտիվացում չէ: Խոսքն այն մասին է, որ այսօր գյուղացիները միայնակ են լուծում իրենց հարցերը, եւ այժմ կարող են կամավոր հիմունքներով միավորվել կոոպերացիայի մեջ»,-հայտարարել է ՀԽ-ի անդամը: Ինչպես ընդգծել է Հարությունյանը, գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ շատ է ռիսկը եւ անհրաժեշտ է օգնել ֆերմերներին որոշ չափով ապահովագրվել ռիսկերից:

Ելնելով դրանից` Հանրային խորհուրդն առաջարկում է արմատական փոփոխություններ կատարել գյուղատնտեսության ոլորտում պետության քաղաքականության մեջ: «Մենք գտնում ենք, որ այդ ոլորտի խնդիրների լուծումը պետք է առաջնային դառնա կառավարության համար: Նա հավելել է, որ Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը զուգահեռ ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որակապես բարելավելու համար վիճակը գյուղական շրջաններում եւ գյուղացիների կենսական պայմանները:

Իր հերթին ՀԽ մեկ այլ անդամ, Վլադիմիր Մովսիսյանն ընդգծեց կոոպերացիայի կարեւոր դերը գյուղատնտեսության զարգացման գործում, միեւնույն ժամանակ կոչ անելով հավաքվածներին չգերագնահատել դրա դերը: «Մենք պետք է խորհուրդ տանք ֆերմերներին ու գյուղացիներն միավորվել, կոոպերատիվներ ստեղծելով, սակայն ոչ մի դեպքում չպարտադրել դա»,-ասել է նա:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հաղորդել է, որ ՀԽ անդամներին է ներկայացվել 2006-2015թթ. գյուղատնտեսության կայուն զարգացման ծրագիրը: Նա կոչ է արել Խորհրդի անդամներին նախարարության հետ համատեղ աշխատել այդ փաստաթղթի արդիականացման վրա: Գ.Ալավերդյանը հայտարարել էնաեւ, որ 2010թ. ՀՆԱ-ի աճը գյուղատնտեսության ոլորտում կավելանա 4-5 տոկոսով` 2009թ. համեմատ:

Քննարկումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կոոպերացիայի ներմուծումը պետք է դիտարկել միայն որպես միջոց, մեթոդ, ոչ թե գյուղի խնդիրների լուծման միակ ուղի: Ըստ նախագահի, պետությունը պետք է խրախուսի այդ ուղղությամբ կատարվող քայլերը: