24 փետրվարի 2010 - 18:36 AMT
Հայ զինվորականները պատրաստ են Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հաջորդ փուլերին


Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ փորձագիտական ներկայացուցիչների կողմից խորհրդատվական ծավալուն աշխատանք է կատարվել, հատկապես` երկարաժամկետ ռազմական պլանավորման եւ գնահաշվարկի ոլորտներում միջազգային փորձը ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Անդրադառնալով պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին` նախարարը նշել է, որ հաստատվել է այս գործընթացի ռազմական բաղադրիչին առնչվող աշխատանքները կանոնակարգելու մասին հրահանգը, ինչը կնպաստի պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ եւ 4-րդ փուլերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին փորձագետները ներկայացրել են Հայաստանում անցկացված քննարկումների ու հանդիպումների արդյունքները, վերանայման գործընթացի վերաբերյալ իրենց առաջարկությունները եւ գնահատականները: