24 փետրվարի 2010 - 19:19 AMT
Մասիս Մայիլյան. «Բանակցությունների աղավաղված ձեւաչափը խանգարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»


Մի շարք պատճառներ կան, որոնք խանգարում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, որի պատճառով այն անընդհատ հետաձգվում է: Այդ մասին PanARMENIAN.Net -ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ասել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերի համաձայն, գլխավոր պատճառներից մեկը հակամարտության կարգավորման մեթոդաբանությունն է, այսինքն` այն մոտեցումը, որն օգտագործում են միջազգային կազմակերպությունները եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը` հարցեր լուծելիս: «Նրանց մոտեցումները չեն արտացոլում իրականությունը, ուղղված չեն ապագայի անվտանգությանը, այլ մեզ հետ են տանում դեպի պայթյունավտանգ անցյալ, այսինքն` փորձ է արվում վերականգնելու 1988 թ. ստատուս քվոն», - ասել է Մայիլյանը:

Նա նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպեսզի ճեղքում լինի, պետք է փոխել բանակցությունների մարտավարությունը:

«Ղարաբաղը հարկ է, որ վերադառնա հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ պետք է վերականգնել բանակցությունների ամբողջական ձեւաչափը», - ասել է Մասիս Մայիլյանը, ավելացնելով, որ բանակցությունների աղավաղված ձեւաչափը այն պատճառներից մեկն է, որի հետեւանքով հակամարտության կարգավորումը միշտ հետաձգվում է: