24 փետրվարի 2010 - 20:01 AMT
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալժիրի հետ հարաբերությունների զարգացմանը


Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Շերգիին (Smail Shergui, նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը կարեւորեց արաբական աշխարհում եւ Մաղրեբում առաջատար դերակատարում ունեցող Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնեց, որ Սմաիլ Շերգին իր կարեւոր նեդրումը կունենա այդ գործում:

Դեսպան Շերգին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների խթանումն ապահովելու համար:

Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, տնտեսական համագործակցության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, մշակութային փոխանակումները: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Շերգին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ալժիրի համագործակցությանը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: