24 փետրվարի 2010 - 21:33 AMT
Լիբանանի տեղեկատվական դաշտը` ապատեղեկատվության հերթական հարթակ է Բաքվի համար


Լիբանանի տեղեկատվական դաշտը հարթակ է դարձել տեղեկատվական պատերազմների համար, իսկ ավելի ճիշտ, ի պատասխան Լիբանանի հայկական կառույցների տեղեկատվության ադրբեջանական ուժերը հանդես են գալիս ապատեղեկատվությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, Լիբանանի Հանրապետության ԱԳ նախարար Ալի Շամին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված իր հարցազրույցի ընթացքում ասել էր, որ Լիբանանը զորակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նախարարի այս հայտարարությանը հետեւեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումը Լիբանանի ԱԳ նախարարի հետ, որի մասին թողարկված լրատվությունը ասում էր, որ Լիբանանի ԱԳ նախարարը հաստատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Լիբանանի վերաբերմունքը չի փոխվել եւ, որ Լիբանանը երկու պետությունների հետ ունի դիվանագիտական եւ սերտ հարաբերություններ:

«Այնուհետեւ մամլո հաղորդագրությամբ հանդես եկավ Դաշնակցության Լիբանանի կառույցը, որտեղ հստակ բացատրություններ էր պահանջում լիբանանի ԱԳ նախարարից: Ավելի ուշ Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը դեմ ելնելով Դաշնակցության հայտարարությանը, նորից ներկայացրեց Բաքվի արդեն դասական դարձաց մոտեցումները եւ ղարաբաղյան հակամարտության մասին տարածեց ապատեղեկատվություն»,-ասել է Քանդահարյանը: