24 փետրվարի 2010 - 21:42 AMT
Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ-ներն անցկացրել են քաղաքական խորհրդատվություններ


Փետրվարի 24-ին Երեւանում Հայաստանի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից խորհրդատվությունները վարեց ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, սերբական կողմից` ԱԳ առաջին տեղակալ Միրկո Ստեֆանովիչը:

Քննարկումներին մասնակցեցին Հայաստանի էկոնոմիկայի, գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության եւ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, 2009թ. հուլիսին Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը եւ համատեղ ծրագրերի մշակմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանը առնչվող հարցեր:

Մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը սերբական կողմի խնդրանքով ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նույն օրը սերբական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: