24 փետրվարի 2010 - 21:49 AMT
Հայաստանն ու Սերբիան բավարարված են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով


Փետրվարի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց քաղաքական խորհրդատվությունների մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի ԱԳՆ պատվիրակությանը` նախարարի առաջին տեղակալ Միրկո Ստեֆանովիչի գլխավորությամբ:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առնչությամբ: Զրուցակիցները քննարկեցին 2009 թ. Սերբիայի Նախագահի Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերը բարձր գնահատեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ նույն օրը կայացած խորհրդատվությունների արդյունքները, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանն ու Միրկո Ստեֆանովիչը մտքեր փոխանակեցին Կովկասում եւ Բալկաններում վերջին զարգացումների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: