28 փետրվարի 2010 - 17:37 AMT
Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին քննարկել են «Վերին-Լարս» ՀԱԿ բացման հարցերը


Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպեց իր գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկեցին հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վրաստանի նախագահը ողջունեց հայ գործընկերոջը եւ նշեց, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպես եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծեց Միխայիլ Սահակաշվիլին եւ հավելեց. «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»:

Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասաց, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերհաստատեց հայ-վրացական հիանալի հարաբերությունները եւ վստահություն հայտնեց, որ այդպես կլինի մշտապես. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»:

Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց Բաթումում, ծանոթացավ քաղաքում կատարվող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին:

Փետրվարի 28-ին նախատեսված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը հայկական եկեղեցի, որտեղ նա կհանդիպի Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: