1 մարտի 2010 - 14:35 AMT
Ղազախստանը զբաղվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստանայում կայանալիք հանդիպման նախապատրաստմամբ

Վերջին ամիսներին Ադրբեջանը դիվանագիտական ու խորհրդարանական ուղիներով կրկնապատկել է իր ջանքերը հակահայկական քարոզչության տարածման ոլորտում: Բաքուն չի խնայում ոչ մարդկային, ոչ ֆինանսական ռեսուրները, վատաբանելու համար Հայաստանին միջազգային ասպարեզում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը: «Նման վարքագծով ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ իրականում նա պատրաստ չէ փոխզիջման գնալ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում»,-ասել է պատվիրակությունը:

Այս համատեքստում հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Խաչիկ Հարությունյանը կարեւորել է ԵԱՀԿ անդամ երկրների կողմից հակամարտությունների լուծման առաջընթացն ու ուժի չկիրառման մասին բանաձեւի ընդունումը ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Ինչպես ասել է Խ.Հարությունյանը, այս բանաձեւում դրույթներ կան փակ սահմանի եւ ինքնորոշման իրավունքնի մասին: «Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի Օսլոյում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում ընդունվի այդ բանաձեւը»,-ասել է պատգամավորը` հավելելով, որ Օսլոյում ԵԱՀԿ ԽՎ նախագահը հանդես կգա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին զեկույցով, որը հիմնված կլինի Ժոաո Սոարեշի Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի արդյունքների վրա:

Իր հերթին Արամ Սաֆարյանը, գնահատելով Ղազախստանի նախագահության դերը ԵԱՀԿ-ում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հայտարարել է, որ պաշտոնական Աստանան անհրաժեշտ ռեսուրսներ ունի այդ խնդրի վրա ազդելու համար: «Այժմ քննարկվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստանայում հանդիպման հնարավորությունը»»-հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:

Արամ Սաֆարյանն ընդգծել է նաեւ, որ ըստ նրա, Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի եւ Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի խախտումները հենց այդ մասին են վկայում: