1 մարտի 2010 - 16:21 AMT
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կատարելագործում է հրապարակվող բորսայական տեղեկատվության կառուցվածքը

Շարունակելով աշխատանքները` մասնագետների եւ հանրության համար շուկայի վերաբերյալ տեղեկատվության որակի եւ մատչելիության բարձրացման ուղղությամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ընդլայնել է պաշտոնական իր կայքէջի միջոցով բացահայտվող բորսայական առեւտրի տվյալների կազմն ու կառուցվածքը: Այս քայլը հնարավոր դարձավ բորսայի ՏՏ մասնագետների կողմից համակարգչային նոր ծրագրի մշակման եւ ներդրման շնորհիվ, որի արդյունքում ապահովվել է բորսայի առեւտրային համակարգի եւ կայքէջի կառավարման ծրագրի միջեւ տվյալների դինամիկ փոխանակումը, ասվում է ֆոնդային բորսայի տրամադրած մամլո հաղորդագրության մեջ:

Այսպես, ստանդարտ ժամանակահատվածների (օրական, ամսական, եռամսյակային եւ տարեկան) համար հաշվետվությունների ստացման հնարավորությանը ավելացվել է նաեւ կամայական ժամանակաշրջանի համար բորսայական առեւտրի ամփոփ տվյալների ստացման հնարավորությունը: Բացի այդ, քանի որ կայքէջի «Առեւտրի տվյալներ» բաժինը թարմացվում է 30 րոպեն մեկ` սկսած ժամը 11:00-ին առեւտրային նստաշրջանի բացման պահից, կայքի այցելուները կարող են տեղեկացված լինել բորսայական շուկայի վերջին զարգացումների, այդ թվում բոլոր գործիքներով իրականացված առեւտրի ծավալների եւ դրաց գների մասին: Տեղեկատվության ներկայացման կառուցվածքը եւս բարելավվել է, ստանալով օգտագործողի համար ավելի հարմար եւ մանրամասն տեսք. այսպես, ռեպո գործիքներով առեւտրին վերաբերող տեղեկատվությունն այժմ ներառում է թե՛ ուղղակի, թե՛ հետադարձ գործարքների գների մասին տեղեկություններ:

Բացի այդ, բորսայական առեւտրի տվյալներն այժմ հնարավոր կլինի բեռնել *.csv ֆորմատով (comma separated values` ստորակետով տարանջատված արժեքներ), որը հանդիսանում է տվյալների ներկայացման համար միջազգային փորձում ընդունված ֆորմատ: Այն, առաջին հերթին, հարմար է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալների հավաքագրմամբ, վերլուծությամբ եւ հաշվետվությունների պատրաստմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հույս է հայտնում, որ տեղեկատվության բացահայտման համակարգի նշված կատարելագործումը կնպաստի շուկայի մասնակիցների, վերլուծաբանների, ԶԼՄ-ների, ինչպես նաեւ հանրության լայն շրջանների կողմից Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող տեղեկատվության առավել արդյունավետ եւ դյուրին կերպով օգտագործմանը եւ կշարունակի այս բնագավառում իր աշխատանքները: