1 մարտի 2010 - 18:38 AMT
Սերգեյ Շաքարյանց. Կովկասի շուրջ «հրթիռային ճգնաժամ է»

Կովկասում արդեն 2008թվականից կատարվող իրադարձությունները դադարել են զուտ տարածաշրջանային լինել, դրանք հարկավոր է դիտարկել արդեն գլոբալ քաղաքական գործընթացների տեսանկյունից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Ըստ քաղաքագետի, գլոբալ ուժային կենտրոնների, առաջին հերթին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ պայքար է գնում հակահրթիռային համալիրների տեղակայման շուրջ: «ԱՄՆ-ն մտադիր է իր ՀՀՊ համալիրները տեղակայել Ռումինիայում, Թուրքիայում, ինչին ի պատասխան ՌԴ ռազմական ղեկավարությունը չի բացառել, որ ռուսական հակահրթիռային համալիրները կարող են տեղակայվել ԱՊՀ որոշ երկրներում: Ռուսական կողմը չի բացառել, որ C-400 համալիրները կարող են տեղակայվել նաեւ Իրանում»,-նշել է նա:

Հաշվի առնելով վերոնշյալը, ըստ Շաքարյանցի, այժմ Կովկասում, անկախ տարածաշրջանի երկրների կամքից, «հրթիռային ճգնաժամ է» առաջանում եւ ոչ ոք դեռեւս չգիտի, գերտերություններից բացի իհարկե, երբ այն կվերջանա:

Քաղաքագետը նշել է, որ այդ գլոբալ գործընթացների ֆոնի վրա այնպիսի հարցեր, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտությունը, հայ-թուրքական սահմանի բացումը եւ նույնիսկ Իրանի միջուկային դոսյեն երկրորդական դեր է կատարում:

Ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ Շաքարյանցը նշել է, որ քանի դեռ չի լուծվել «հրթիռային ճգնաժամը» ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ, վերոնշյալ հարցերը ավելի շուտ կսառեցվեն, քան կլուծվեն: «Սակայն պետք չէ բացառել, որ Ադրբեջանը զգալով իր անելանելի վիճակը, կարող է Վրաստանի օրինակով վերսկսել ռազմական գործողությունները»,-ասել է փորձագետը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, Շաքարյանցը նշել է, որ դրանից շատ են վախենում թուրքական ազգայնականները, քանի որ տվյալ պահի դրությամբ Հայաստանին սահմանակից թուրքական տարածաշրջանների քրդացում է տեղի ունենում: «Ըստ թուրք ազգայնամոլների, միանգամայն հնարավոր է, որ հայերն ու քրդերը միավորվեն ինչ-որ նպատակի շուրջ, ինչը հակասում է Թուրքիայի ազգային շահերին»,-ասել է Շաքարյանցը: