1 մարտի 2010 - 18:44 AMT
ՀԱԿ-ը ներկայացրեց մարտի ճգնաժամից դուրս գալու վեց քայլերը

Երեւանում կայացած ցույցի ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ անունից ներկայացրեց «մարտի ճգնաժամից» դուրս գալու վեց քայլերը: Ինչպես հայտնեց Լեւոն Զուրաբյանը, այդ քայլերը պետք է իրականացվեն մինչեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի հաջորդ նիստը:

«Առաջինը` անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, երկրորդը` մինչեւ ապրիլ ամիսը վերականգնել մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում կատարված սպանությունները հետաքննող անկախ մարմինը: Երրորդը` ապրիլի ընթացքում վերանայել ցույցերի, երթերի անցկացման մասին օրենքը եւ այդ օրենքին վերադարձնել նախկին տեսքը: Չորրորդը` մինչեւ մայիս ամիսը բացել A1+ հեռուստաալիքը, հինգերորդը` մինչեւ մայիսի վերջը բարեփոխել Հայաստանի ընտրական օրենսգիրքը եւ վեցերորդը` հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնել»,- հայտնեց Լեւոն Զուրաբյանը: Ինչպես հաղորդեց ՀԱԿ համակարգողը, մարտի 16-ին Կոնգրեսն այդ կետերը կներկայացնի Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին:

Բացի դրանից, ինչպես հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, Կոնգրեսը պատրաստվում է դատի տալ պետությանը գազի գների բարձրացման դեմ: