1 մարտի 2010 - 21:19 AMT
Լեւոն Տեր-Պետրոսյան. Թուրքիան Արձանագրություններից ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր

Հայաստանն այսօր հինգ կարեւոր մարտահրավերների առջեւ է կանգնած` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ղարաբաղյան հիմնախնդրի լուծում, երկրում ժողովրդավարության վերականգնում, օրինականության հաստատում եւ կաշառակերության դեմ պայքար: Այդ հարցերի լուծումից է կախված երկրի անվտանգությունը: Այդ մասին այսօր Երեւանում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցի ժամանակ հայտնեց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, նա նկատեց, որ բոլոր վերը նշվածներից միջազգային հանրությանը հետաքրքրում են միայն երկուսը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտությունը: «Մնացած հարցերը կամ ստորադասվում են այս երկուսից, կամ էլ արհամարվում»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Իրողությունները չեն նշանակում, որ մենք ժողովրդավարության հաստատման մեր հույսերը կապում ենք Արեւմուտքի հետ: Մեզ պետք չէ արտասահմանից թելադրվող ժողովրդավարություն, ասաց Հայաստանի առաջին նախագահը, ավելացնելով, որ երկիրը երբեք միջազգային հանրությանը չի խնդրել միջամտել պետության ներքին գործերին: «Միակ բանը, որ մենք ակնկալում ենք Արեւմուտքից, այն է, որ նա բացեիբաց հայտարարի, որ 2008 թվականին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները կեղծվել են, ՀՀ նախագահի լեգիտիմությունը կասկածելի է եւ Հայաստանում քաղբանտարկյալներ կան»,- նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, նա նկատեց, որ գերտերությունների դիրքորոշումը կփոխվի միայն այն դեպքում, եթե հանկարծ կասկածներ առաջանան, որ Սերժ Սարգսյանն արհեստական կերպով փորձում է ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, որպեսզի պահպանի իր լեգիտիմությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ՀԱԿ առաջնորդն ասաց. «Շատերին թվում է, թե հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել, քանի որ ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան չեն շտապում վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները: Իրականում փակուղու մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ Թուրքիան այդ փաստաթղթերից ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր, այսինքն արգելակեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչը վերջին տասնամյակներին նրա գլխավոր գլխացավանքն էր: Պետք է խոսել ոչ թե հայ-թուրքական գործընթացում առկա փակուղու, այլ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության ձախողման մասին»: Տեր-Պետրոսյանն ընթերցեց ՀԱԿ հայտարարությունը, որում քննադատեց ՀՀ նախագահի գործունեությունը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանը «նվեր» համարեց Թուրքիայի համար: Մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց. «Եթե եւս մեկ նման նախաձեռնողական քաղաքականություն լինի, ապա Հայաստանից ու Ղարաբաղից ոչինչ չի մնա»: Նրա խոսքով, Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին կանդրադառնա միայն ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո: